5 մայիսի, 2011
«Deno Gold Mining Company» ընկերության (սեփականատերը կանադական «Dundee Precious Metals» ընկերությունն է) կողմից շահագործվող Կապանի Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը մտավ ակտիվ փուլ: Նախագծի հասարակական լսումներն արդեն նշանակվել են մայիսի 20-ին: Կապանի հասարակայնությունը խիստ անհանգստացած է:
«Պայթյուններից հանքավայրի ծանր մետաղներով փոշին կնստի Կապանի վրա: Սիլիկոզով հիվանդ կլինեն բոլորը` ներառյալ երեխաները,- ասում է «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը,- մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Մարդիկ պետք է հասկանան, որ բաց շահագործում Կապանում անթույլատրելի է, դա Կապանի վերջն է»:
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանն ասաց. «Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է առողջության եւ առողջ շրջակա միջավայրի իրավունք այդ թվում եւ մեզ` կապանցիներիս համար:
Կապանցիները գիտեն, թե ինչ է հանքավայրի փոշին առանց որեւէ մեկից լսելու: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, որտեղ կան հանքերում աշխատողներ, կա սիլիկոզ: Եւ հիմա հիվանդանալու ռիսկի տակ կհայտնվի Կապանի ողջ բնակչությունը հանուն ինչի՞, հանուն որոշ մարդկանց խմբի շահույթի՞»,- ասաց Ավագյանը:
Տեղի բնակիչները, «ԷկոԼուրի» փոխանցմամբ, լավ ծանոթ են Շահումյանի հանքավայրին եւ վստահ են, որ փակ եղանակով շահագործումը ընկերությանը շահույթ կապահովի` պահպանելով Կապանը, որն արդեն իսկ գտնվում է էկոլոգիական աղետի շեմին:
«Թող ընկերությունները շահույթ ստանան, բայց ոչ գերշահույթ մեր առողջության հաշվին»,- կարծում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:
Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում բացակայում է Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ` շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումների մասին հայտարարությունը:
Комментариев нет:
Отправить комментарий