вторник, 28 июня 2011 г.

«Ազգ». Կապանում գյուղմթերքները թունավորված են եւ ոչ պիտանի

Թերթը հայտնում է, որ Կապանի Շահումյանի հանքավայրի բաց հանքի շահագործման նախագիծը հսկայական աղմուկ է բարձրացրել: Բնապահպաններն ու կապանցիները դժգոհում են, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը ոսկի փնտրելու նպատակով պատրաստվում է հատել 50.000 մրգատու ծառ: Բնապահպանները փաստում են, որ այգու հատումը աղետալի կլինի ոչ միայն Կապանի, այլեւ Զանգեզուրի համար: «Զանգեզուրը հարուստ է բուսական եւ կենդանական աշխարհով: Նրանց մեծ մասը գրանցվել են համաշխարհային Կարմիր գրքում: Կան հազվագյուտ միջատներ, որ միայն Հայաստանում են: Այդ հանքերի շահագործումը բառի բուն իմաստով ցեղասպանություն է բնության եւ մարդկության հանդեպ», ասել է «Էկոլոգիական հասարակական դաշինք» կազմակերպության համակարգող Սիլվա Ադամյանը: Սակայն բաց հանքի շահագործումը միայն բնապահպանական խնդիրներով չի սահմանափակվում: 2007-ին ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ Կապանը էկոլոգիական լրջագույն խնդիրներ ունի: էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի փոխանցմամբ` հետազոտության նպատակն էր գնահատել Կապանի էկոլոգիական իրավիճակը, ռիսկային գործոնները բնակչության համար: Գնահատել հանքալեռնային արդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: «Հետազոտությամբ պարզվեց, որ հիմնական ռիսկի գործոնը սննդային շղթաներն են: Գյուղմթերքների մեջ թափանցել են ծանր մետաղներ: Հանքային ջրերը խառնվել են ոռոգման ցանցին, դրանով ջրվել են ողջ Սյունիքի մարզի հողերն, ու մարզում չկա գյուղմթերք` միրգ, բանջարեղեն, կանաչի, որը թունավորված չլինի»,- ասաց Սաղաթելյանը: Վարունգ, դդում, կաղամբ, պղպեղ, խնձոր, տանձ, լոբի, սմբուկ եւ էլի մի քանի տասնյակ գյուղմթերքներ պարունակում են խիստ տոքսիկ տարրեր` կադմիում, մկնդեղ, սնդիկ: Ծանր մետաղների բացասական ազդեցությունը միանգամից չի նկատվում: Սաղաթելյանը համոզված է, երկու սերունդ հետո Սյունիքում առողջ երեխա չի ծնվի: Սակայն հնարավոր չէ սյունեցուն արգելել բանջարեղեն չվաճառել, կամ չուտել: «Իսկ ինչո՞վ սնվեմ», առաջանում է շատ տրամաբանական հարց, որի պատասխանը կարող է տալ միայն պետությունը, փորձելով նվազեցնել հանքերի շահագործման վնասները, գրում է թերթը:

Комментариев нет:

Отправить комментарий