Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից լուրջ խնդիրներ կան շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ասվածը հիմնավորելով, իր կողմից կատարված տարբեր ուսումնասիրություններով և այցելություններով /Դսեղի անտառ, Ջրվեժի անտառապարկ, Երևան քաղաքի տարբեր հատվածներ/:
«Նշված ոլորտում հիմնական խնդիրները վերաբերում են զանգվածային ծառահատումներին, անտառների կամ ազգային պարկերի ոչ նպատակային օգտագործմանը, շինարարական թափոնների առկայությանը և առանձնապես հանքաարդյունաբերական ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողությանը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Պաշտպանն անդրադարձավ նաև Կապանում բնապահպանական աղետալի վիճակի մասին ահազանգերին: Բնապահպանները պաշտպանին փոխանցել են, որ հողի, ջրի և սննդամթերքի մեջ հայտնաբերվել են թունավոր ծանր մետաղներ, որոնք չեն քայքայվում, դրանք կուտակվում են ջրում, հողում և ամենակարևորը մարդկային օրգանիզմի մեջ: «Սա ազդում է առողջության ամենակարևոր համակարգերի` իմունային և գենոֆոնդի վրա»,-ըստ պաշտպանի ահազանգել են բնապահպանները:
Նրանք նաև ասել են, որ տեղի բնակիչները որևէ փոխհատուցում չեն ստանում, թեև նշված կազմակերպության պոչամբարը բաց է, և դրա կողքին առկա են տներ, իսկ օդի թունավորումից անասուններն են սատկել և երեխաների մաշկն է պլոկվել:
Պաշտպանն արձանագրեց, որ նշված խնդիրները վկայում են, որ, ըստ էության, չի ապահովվում ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը համաձայն որի. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը»:
Պաշտպանի խոսքով, բնապահպանները նաև նշում են, որ իրենց չի տրամադրվել հստակ տեղեկատվություն Կապանում գործող «Deno Gold Mining» ընկերության գործունեության ստուգումների արդյունքների վերաբերյալ, որոնք կատարվել են 2007-ից 2008 թվականներին Բնապահպանության նախարարության և Սյունիքի բնապահպանական տարածքային տեսչության կողմից: «Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածի երկրորդ մասի համաձայն. «Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»,-եզրափակեց պաշտպանը:
Комментариев нет:
Отправить комментарий