вторник, 1 марта 2011 г.

Ինչու՞ են Հայաստանի բնապահպանները մտահոգված, իսկ կառավարությունը` ոչ:

Հայաստանի բնապահպանները մտահոգված են, որ Կապանում Շահումյանի բազմամետաղային հանքավայրի սեփականատեր «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ սկսել հանքի բաց շահագործումը, որը շատ ավելի էժան է տնտեսական առումով, սակայն վտանգավոր' բնապահպանական տեսանկյունից: Դեռևս հունվարի տասնյոթին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով այս խնդրից, բնապահպանները նշեցին, որ հանքավայրի մի մասը գտնվում է անմիջապես քաղաքի տարածքում, ուստի բաց շահագործման արդյունքում պայթեցումները, փոշին և թունավոր տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարները անմիջապես կազդեն Կապանի բնակչության վրա: Բացի դրանից' նրանք, ովքեր բանջարեղեն և այլ տնտեսություն են աճեցնում, ևս տուժում են, քանի որ իրենց ապրանքը չեն գնում' իմանալով դրանց մեջ ծանր մետաղների պարունակության մասին:

Նշենք, որ 2009 թ. Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը հայտնաբերել էր, որ Սյունիքի որոշ տարածաշրջաններում ջրի, հողի և սննդամթերքի մեջ ծանր մետաղների առկայությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի նորման։ Բնապահպանները նաև նշում են, որ ծանր մետաղները շրջակա միջավայրում չեն չեզոքանում, այլ ժամանակի ընթացքում կուտակվում են հողում և մարդկանց օրգանիզմում' առաջացնելով բազմաթիվ ծանր հիվանդություններ:

Բացի դրանից' հանքի բաց շահագործման դեպքում նախատեսվում է հատել 50.000 պտղատու ծառեր, որոնք դեռևս երկու տարի առաջ ընկերությունը գնել է այդ տարածքի բնակիչներից փոխհատուցման միջոցով:
Սակայն, ծանոթանալով Դինո գոլդ մայնինգ ընկերության նման գործունեության հետ, երբ վտանգի տակ է դրվում մի ողջ համայնքի առողջություն' հարց է առաջանում, թե ինչպիսի՞ կազմակերպություն է սա, և ինչու՞ կառավարությունը հստակ դիրքորոշում չունի այս հարցում: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունը հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվություն դեռևս չի տվել։

Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում Դինո գոլդ մայնինգ ընկերությունը: Այս ընկերությունը պատկանում է կանադական Դանդի Փրեշս Մեթլս (Dundee Precious Metals) ընկերությանը: Վերջինիս է պատկանում «Վաթրին» սահմանափակ ներդրումային ընկերությունը, որն իր հերթին ունի Դինո գոլդ մայնինգ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: 2005թ.-ի դեկտեմբերի 12-ի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհուրդը 4.5 մլն դոլար տրամադրեց Դինո գոլդ մայնինգին' սկզբնական շրջանում հանքաարդյունաբերության ու շրջակա միջավայրի բարելավման համար սարքավորումների գնման նպատակով: 2006թ.-ին Դինո գոլդը առաջարկեց մեկ այլ ծրագիր' 75 մլն դոլար արժողությամբ, որից 25 մլն դոլարն ակնկալվում էր ստանալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից միջնաժամկետ վարկի տեսքով: Ծրագիրը անցավ վերջնական քննարկման փուլը, սակայն չհասավ վերջնական հաստատման փուլին:

Այնուամենայնիվ, երբ հաստատվեց Շահումյանի տարածքում ոսկու և բազմամետաղային հանքերի առկայությունը, 2008թ.-ի սկզբին հաստատվեց նաև դրանց բաց կերպով շահագործելու մասին նախագիծը: Սակայն արդեն 2008թ.-ի վերջում մետաղի ցածր արժեքի պատճառով Դինո գոլդ մայնինգը դադարեցրեց իր գործունեությունը որոշ ժամանակով: Դրանից հետո մետաղի գինը բարձրացավ և արդեն 2009թ.-ի մարտի 31-ին Դանդի փրեշս մեթլսը հայտարարեց Հայաստանում իր գործողությունների վերսկսման մասին: Այնուամենայնիվ, ընկերությունը հրաժարվեց բնակիչներին փոխհատուցելուց և նրանց վերաբնակեցնելուց: Ու թեև այդ ժամանակ բաց կերպով շահագործումը չէր սկսվել, այնուամենայնիվ, ստորգետնյա պայթյուններ էին տեղի ունենում բնակիչների տների հարակից շրջաններում: Արդյունքում ձևավորվել էին փոսեր, իսկ Շահումյանի բնակչությունը բողոքում էր, որ իրենց տների հիմքերը թուլանում են, զբոսնել ևս չի ստացվում, քանի որ ամեն քայլի վրա կարող է հողը քանդվի և մարդիկ փոսն ընկնեն:

Հոկտեմբերին «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել Դինո գոլդ մայնինգ ընկերության դեմ' պահանջելով կանխել բնակիչների իրավունքների խախտումը, մասնավորապես, կյանքի, առողջության ու ունեցվածքին վերաբերող իրավունքները: Սակայն դատարանը հայցը չընդունեց' պատճառաբանելով, որ տրամադրված նյութերը հիմնարար կերպով չեն ապացուցում մարդկանց կյանքին ու առողջությանը հասցվող վտանգների առկայությունը:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի կարծիքով, դատարանի վրա ճնշում են գործադրել, քանի որ որոշ ժամանակ առաջ այդ նույն դատարանը որոշում էր ընդունել, որով դադարեցվել էր ընկերության գործունեությունը' մարդկանց կյանքին ու առողջությանը վնաս հասցնելու վտանգը կանխելու նպատակով:

Սեյրան Ավետիսյանը' մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը, նշում է մյուս կողմից, որ իրավիճակը Սյունիքում այնքան էլ վատ չէ, ընկերությունը հասարակական լսումներ է անցկացրել Գեղանուշում պոչամբար կառուցելու մասին, Շահումյանի բնակիչներին փոխհատուցում է վճարել: Սակայն նույն ՀԿ-ի այն հարցին, թե կարո՞ղ են Շահումյանում մարդկային զոհեր լինել, նա պատասխանել է, որ կարող են, և այս հարցը չպետք է դուրս մղել օրակարգից (էջ 16):

Որպեսզի ցույց տանք, որ հարցը ոչ միայն չպետք է օրակարգից դուրս մղվի, այլ որ իշխանությունները պետք է ավելի հստակ դիրքորոշում ունենան' ընդառաջելով բնապահպանների և տեղի բնակչության պահանջներին, առաջարկում ենք ներթափանցել ապագա և տեսնել, թե ինչպիսի արդյունքների կարող են հանգել այս ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նման գործողությունները՝ դատելով արդեն իսկ առկա փորձից:

Դեռևս 2004թ.-ի դեկտեմբերի 14-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատեց բուլղարական Չելոպեչ հանքագործության ծրագիրը: Բուլղարիայում Չելոպեչի ոսկու և պղնձի հանքը ևս պատկանում է Դանդի փրեշս մեթլսին: 2005թ.-ի ապրիլին կնքվեց պայմանագիր, որի համաձայն ծրագրի համար պահանջված 46.9 մլն դոլարից 10 մլն դոլարը տրամադրելու էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վարկի տեսքով: Իսկ արդեն 2008թ.-ի հուլիսին հավելյալ 15 մլն դոլար վարկ ավելացվեց ծրագրին:

Այն բանից հետո, երբ 2006թ.-ին մի քանի բնապահպանական կազմակերպություններ բողոքի ցույցեր կազմակերպեցին (էջ 10), պատճառաբանելով իրենց բողոքը նրանով, որ Չելոպեչի շրջանը և հարակից Տոպոլնիցա գետը 1994թ.-ից ի վեր կառավարության կողմից հայտարարվել են շրջակա միջավայրի և առողջության համար ռիսկային գոտի, ընկերության աշխատանքները դադարեցին երկու տարով: Սակայն 2008թ.-ից դրանք վերսկսեցին: Այնուամենայնիվ, կառավարությունը 2008թ.-ին ևս մեկ անգամ հաստատեց այդ գոտու ռիսկայնությունը և նշեց, որ այդ գոտում տարվող աշխատանքները կարող են կրել միայն շրջակա միջավայրը բարելավող բնույթ: Արդյունքում, աշխատանքները անընդհատ հետաձգվում էին: Ի վերջո, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներն այցելեցին Չելոպեչ' ուսումնասիրելու իրավիճակը, ու թեև արձանագրվեց, որ միջավայրն արդեն իսկ բավականին աղտոտված է, այնուամենայնիվ, երբ Դանդի փրեշս մեթլսը բողոք ներկայացրեց Եվրոպական հանձնաժողով' նշելով, որ խախտվում են Եվրոպական հանձնաժողովի համաձայնագրերը կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժման մասին, Եվրոպական խորհրդարանը, այնուամենայնիվ, թույլ տվեց նրանց գործունեությունը:

Արդյունքում, բնապահպանների մի շարք անհանգստություններին ավելացավ ևս մեկը' ցիանիդի հնարավոր արտահոսքը: Ցիանիդը օգտագործում են ոսկու արդյունահանման համար, քանի որ դա միակ տնտեսապես էժան տարբերակն է ոսկու արդյունահանման համար: Ընդ որում, այս խնդիրը սկսեց անհանգստացնել ոչ միայն բուլղարացիներին, այլ նաև չեխերին, ովքեր արդեն բախվել էին ցիանիդի արտահոսքի հետ, որը թեև կիրառվել էր դեղագործական և այլ նպատակներով, այնուամենայնիվ, այդ արտահոսքի արդյունքում Էլբա գետում տոննաներով ձկներ էին թունավորվել: Բացի դրանից, սա մտահոգել էր նաև Ռումինիային և Հունգարիային, քանի որ Ռումինիայում ոսկու արդյունահանման համար կիրառված ցիանիդը ևս արտահոսել էր 2000թ.-ին և թունավորել Ռումինիայի և Հունգարիայի Տիսցա և Դանուբ գետերում միլիոնավոր ձկների:

Բուլղարական տեղական ՀԿ-ները նաև մտավախություն ունեն, որ իրենց ջրի պաշարները հետագայում ևս կթունավորվեն ցիանիդով, եթե վթար լինի, հատկապես եթե հաշվի առնենք, որ նախատեսվում է հանքերի ընդլայնում, որի մանրամասները, այնուամենայնիվ, ոչ ոքի հայտնի չեն: Այս ամենը հաշվի չառնելով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 10 մլն դոլար այնուամենայնիվ հատկացրել է ծրագրի իրագործման համար:

Դատելով այս ամենից, հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է մեր կառավարությունը հանգիստ նստել և սպասել, թե ի՞նչ կլինի ապագայում, երբ տալ երաշխիք, որ նման արտահոսք այստեղ ևս չի լինի, պարզապես հնարավոր չէ:

Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորել է նաև մեկ այլ ծրագիր' Ղրղզստանում Կումտորի հանքաարդյունաբերության ծրագիրը (էջ 6), որը իրականցվել է կանադական մեկ այլ ընկերության' Սենտերա գոլդ ընկերության համաֆինանսավորմամբ: Եթե հաշվի առնենք այն, որ այս ծրագրի արդյունքում մի քանի պատահարներ են տեղի ունեցել' 1998թ.-ի մայիսին երկու տոննա ցիանիդի և նատրիում հիպոքլորիդի արտահոսքը Բարսկուն գետ, ինչի արդյունքում մի քանի մարդ զոհվեց, 1998թ.-ի հուլիսին 70 լիտր ազոտական թթվի արտահոսքի, իսկ 2000թ.-ին 1.65 տոննա ամոնիում նիտրատի արտահոսքի գրանցումը, 2002թ.-ի հուլիսին էլ ղըրղզ աշխատողի զոհվելը հանքում 200 մետրանոց պատի փլուզման հետևանքով, ապա այս ամենը հաշվի առնելով հասկանալի է դառնում, որ իրականում ոչ կանադական ընկերությունները, ոչ էլ Եվրոպական հանձնաժողովն ու հատկապես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը շահագրգռված չեն բնապահպանների պահանջներին ընդառաջել: Ավելին, որքան հեռու է տեղի ունենում աղետը, այնքան ավելի փոքր է այն թվում: Ուստի այն, որ հայ բնապահպանները, ինչպես իրենք էին նշել, պատրաստվում են դիմել «Վերակառուցման և զարգացման» եվրոպական բանկ, խնդրելով կասեցնել ֆինանսավորումը, արդեն իսկ թվում է անիմաստ և ոչ արդյունավետ քայլ, երբ հասկանալի է դառնում, որ նման կազմակերպությունների համար իրականում սեփական շահերը ավելի կարևոր են, քան բնությունն ու մարդկանց կյանքերը: Ուստի, նման պարագայում, անհրաժեշտ է միայն սեփական ուժերին ապավինել:

Սոֆյա Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий