пятница, 25 февраля 2011 г.

Գեղանուշի պոչամբար




Տեղադրված է Ողջի գետի վտակ, Գեղանուշ գետի հունում: Այդ պոչամբարը փակվել է 1978 թ., երբ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքը սկսել են թափել Արծվանիկի պոչամբարը: Փակելիս պոչամբարում կար 4,6 մլն մ3 պոչանք: 2008 թ.-ից Գեղանուշի պոչամբարում իր թափոններն (պոչանք) է լցնում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը (այժմ դրա սեփականատերն է «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը):
Նաեւ հաշվի առնելով Գեղանուշ գյուղի բնակիչների առողջական աղետալի վիճակը, հողի բերրիության անկումը եւ շրջակա տարածքներում ընդհանուր էկոլոգիական իրավիճակը` 1978 թ. այդ պոչամբարը պետականորեն փակվեց, չնայած այն բանին, որ այդտեղ, ըստ նախագծի, պետք է լցվեր 8,7 մլն մ3 պոչանք:
Գեղանուշցիների բողոքները շարունակվեցին նաեւ այդ պոչամբարը փակելուց հետո, քանի որ վերականգնողական աշխատանքները թերի էին կատարված, եւ շարունակվում էր պոչանքի տարածումը շրջակա միջավայրում:
Պետականորեն երաշխավորվեց պոչամբարը շրջակա միջավայրից մեկուսացնելու հուսալի միջոցառումներ իրականացնել եւ բարելավել էկոլոգիական իրավիճակը: Սակայն կատարվեց խոստացվածի ճիշտ հակառակը ու, թերեւս, վատթարագույնը:
«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված ներկայացրեց աղետալի իրավիճակից դուրս գալու բնապահպանական միջոցառումների ծրագիր: Հետագայում պարզվեց, որ դա ընդամենը պոչամբարի մեծացման եւ այն նորից շահագործելու ծրագիր է: Իրականում «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը բարձրացրեց պոչամբարի հողաշեն պատվարը եւ այդ նույն պոչամբարը 2008 թ. նորից սկսեց շահագործել:
Արդյունքում` օրեցօր մեծանում է պոչամբարի ծավալը: Մեր օրերում ահա թե ինչպես են արձագանքում բնակչության բողոքներին:
Հանդիպեցի Գեղանուշի համայնքապետ Կամո Ավանեսյանին, եւ նա ասաց, որ
«Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը խոստացել էր պոչամբարը շահագործելուց առաջ ծառատունկ կազմակերպել, սակայն իր խոստումը չկատարեց: Պոչամբարի տակ են մնացել գյուղացիներին պատկանող այգիների զգալի հատվածներ, ինչի դիմաց նրանք գոնե հատուցում չեն ստացել:
Ամենաաղետալին այն է, որ տարեցտարի առավել անկում է ապրում հողի բերրիությունը: Փոխվել է անգամ հողի տեսքը. հողը, չգիտենք ինչու, սեղմվել, ասես կուչ եկել, կարծրացել է:
Նույն գյուղի բնակիչ Հովիկ Էլչյանն ավելացրեց. «Մեր գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվելն արդեն անիմաստ է դարձել, քանի որ ցանածից բերք չենք ստանում, հողը մի անսովոր ձեւով կարծրացել է, ցանած դաշտը չորանում է, ծառերը չորանում են, իսկ դեռ չչորացածներն էլ բերք չեն տալիս: Մեզ ի՞նչ օգուտ են տալիս կանգուն հարյուրավոր ընկուզենիները եւ մյուս մրգատու ծառերը, որոնք բերք չեն տալիս, պարապ կանգնած են: Ես լավ եկամուտ ունեի ընկույզ ու լոբի վաճառելուց, սակայն ոչ ընկույզ է լինում, ոչ լոբի: Այժմ իմ տան համար շուկայից եմ լոբի գնում: Բերք չեն տալիս ոչ միայն պտղատու ծառերը, այլեւ հացազգիները, նաեւ` պոմիդորը, վարունգը… Օրինակ՝ վարունգի թուփը, դեռ լրիվ չձեւավորված, սկսում է դեղնել ու չորանալ: Բերքազրկվել են անգամ անտառի մրգատու ծառերը: Պոչամբարից զզվելի հոտ է փչում, գլխավորապես առավոտյան: Օդում փոշին այնքան շատ է, որ անձրեւից հետո մեքենաները, լվացքը կեղտոտվում են` ծածկվելով սպիտակավուն փոշով: Անցյալ տարի (2009 թ.) իմ կովերից 8-ը ծնեցին, հորթերից 3-ը չէին կարող ոտքի կանգնել` սատկեցին, իսկ այս տարի 16 կովերից ծնեցին միայն 3-ը: Անասունները չեն բեղմնավորվում: Բացի դրանից, տնային բոլոր կենդանիների մոտ շատ մեծ է նաեւ վիժումների թիվը: Իմ հարեւանի խոզը օրերս միայն մի խոճկոր ծնեց: Պատկերացնո՞ւմ եք, հսկա մերուն մի խոճկոր է ունենում, երբ ժամանակին մեր գյուղում խոզերը միջինը մոտ 10 խոճկոր էին ծնում, պատահել է` անգամ 16 խոճկոր: Այժմ, եթե խոզը ծնում է 4-5 խոճկոր, հենց առաջին օրերին դրանց մոտ կեսը սատկում է: Այծն ու ոչխարը նույնպես աստիճանաբար վերանում են, աճ չկա: Ինչո՞ւ ոչխար պահեմ, երբ գառ չի ծնվում: Նույնն է նապաստակների, հավերի մոտ: Մեղվապահությունը նույնպես անիմաստ է դարձել: Ես հողի աշխատանքն ու անասնապահությունը շատ եմ սիրում, սակայն երկուսն էլ դարձել են ոչ շահութաբեր: Ծննդաբերությունը նվազել է, իսկ երեխաներն արդեն հիվանդ են ծնվում: Երկու օր առաջ երեխա ծնվեց. այժմ մայրը Կապանի հիվանդանոցում է, իսկ երեխային տարել են Երեւան` հիվանդությունը ճշտելու, ասում են՝ արյան պակասություն ունի: Ինչքան ես եմ հասկանում, այս պոչամբարը չարիքի բույն է, դրանից պրծում չկա»,- եզրափակեց Հովիկ Էլչյանը:
Ինչպես պարզ երեւում է, պոչամբարների հարեւանությամբ ապրողների բողոքները համընկնում են` վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները…
Այս առումով նպատակահարմար է կարդալ գրականությունից քաղված ստորեւ ծանոթագրությունը, որտեղ խոսվում է պոչամբարներում առկա` պարունակվող նյութերից միայն մի քանիսի վտանգավոր հատկությունների մասին:
Ողջի լեռնային գետը, փաստորեն, կոյուղատար է դարձել: Հետագայում այդ գետի աղտոտվածության մեծացումը կասկած չի հարուցում. միայն Քաջարանի հանքավայրը միլիարդավոր տոննա հանքաքար է պարունակում, նոր հանքավայրեր են շահագործվելու, նաեւ առկախ է ուրանի հանքավայրի շահագործման հարցը, որի շահագործումը կործանարար կլինի ոչ միայն Սյունիք մարզի համար…
Կարծես որոշ բան հասկանալի է դառնում: Արտոնյալները օրը ցերեկով վերցնում-կողոպտում են հայ ժողովրդի ունեցվածքը՝ նույնիսկ ամենաչնչին չափով հարկ չվճարելով:
Օրինակ՝ տարեկան միլիոնավոր տոննա վերը նկարագրված պոչանքները լցնում են գետերի հուներն ու կիրճերը, տարեկան հարյուրավոր միլիոն տոննա մակաբացման ապարներ եւ ոչ մետաղական հանքերի թափոնները նույնպես թափվում են գետերի կիրճերը, հուներն ու այլուր, սակայն ոչինչ չեն վճարում դրա համար, քանզի ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքներով նշված թափոններն ազատված են հարկումից: Նույնիսկ խոսակցություն կա, որ Կառավարության առաջարկով օրենսդիրը պետք է սահմանի, որ պոչամբարները հետայսու համարվեն տեխնածին հանքեր:
Հայաստանը՝ հանքավայր… Կյանքի համար տանելի պայմաններ ապահովելու փոխարեն արդեն հայերն իրենց երկրից արտագաղթում են միջպետական պայմանագրով…

Комментариев нет:

Отправить комментарий