среда, 23 февраля 2011 г.

Վտանգավոր աշխատանքներ. Լեռնաձորում ուրան փնտրելու նպատակով խոր փոս է փորվել



Կապանի Լեռնաձոր գյուղում, չնայած հասարակական բողոքներին ու հանրահավաքներին, շարունակվում են ուրանի որոնողական աշխատանքները, և արդեն փորվել է 140 մ խորությամբ հորատանցք:

Մինչ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պնդում էր, որ որոնողական աշխատանքներն անվտանգ են, և նմուշները վերցվելու են 20 սմ-ից ոչ ավելի խորությունից, սակայն փորված խոր հորատանցքը, ըստ մասնագետների, արդեն իսկ լուրջ վտանգներ է պարունակում: 


Հորի փորատումը նշանակում է, որ արդեն մակերես են դուրս բերվում հանքանյութի նմուշներ, որոնք կարող են ուրան պարունակել և վտանգավոր լինել մարդկանց ու շրջակա միջավայրի համար»,- ասում է բնապահպանական «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Չնայած նոյեմբերին Կապանում կայացած լուրջ հանրահավաքներին ու բողոքի տարբեր ակցիաներին, որի ընթացքում հավաքվել է մոտ 11000 ստորագրություն ընդդեմ (ուրանի հանքավայրի շահագործման) ծրագրի, կառավարությունն ու ուրանի ծրագիրն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» հետ չկանգնեցին ծրագրից`հավաստիացնելով, որ այն վնասակար չի լինելու:

Մինչդեռ մասնագետները պնդում են, որ եթե նույնիսկ օգտագործվեն լավագույն տեխնոլոգիաները, ուրանի հանքավայրի շահագործումը լուրջ էկոլոգիական աղետի կհանգեցնի:

«Առանց այդ էլ Սյունիքում իրականացվող պղնձամոլիբդենի հանքավայրերի շահագործումն արդեն իսկ լուրջ էկոլոգիական վնասներ է առաջացրել, իսկ ուրանի դեպքում մենք մարդկանց ուղղակի ասում ենք`թողեք-գնացեք այստեղից»,- ասում է Դանիելյանը:

Ըստ բնապահպան Դանիելյանի` ուրանի ծրագիրը վտանգավոր է անգամ, եթե հանքավայրի աշխատանքները ստորգետնյա իրականացվեն, ինչը հավաստիացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մասնագետները:

«Առաջին հերթին`Հայաստանում հանքերի փակ շահագործման որևէ փորձ գոյություն չունի, միջազգային մասնագետներն էլ պնդում են, որ այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն չեն տալիս ուրանի հանքերն այնպես շահագործել, որ աղտոտում չառաջացնեն: Եթե անգամ աշխատանքներն իրականացվեն ստորգետնյա, այս դեպքում էլ ընդերքի, գրունտային ջրերի աղտոտվածություն կլինի, որի վտանգը ևս շատ մեծ է»,- ասում է Դանիելյանը: 

Комментариев нет:

Отправить комментарий