среда, 23 февраля 2011 г.

ՖԱԼԵՏՏԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԷԼԵԿՏՐԱՇՈԿ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈ՞ՒՆ ԷՐ ՏԵՍՆՈՒՄ

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Ֆալետտայի ուշացած պաշտոնանկությունը ցնծությամբ են ընդունել լեռնագործները։


Կապանյան հանրությունը շարունակում է քննարկել այդ պաշտոնանկության շարժառիթները: Շրջանառվում են արկածային ժանրին բնորոշ բազմաթիվ ասեկոսեներ, որոնց մի մասն առնչվում է տնօրենի եւ իր տիկնոջ ֆինանսական հեքիաթային խարդախություններին, սանձարձակությունների հասնող կամայականություններին: Եվ այդ խոսակցություններն ու քննարկումները տրամաբանական պիտի համարել. Կապանի լեռնահանքային ձեռնարկությամբ է մեծ չափով պայմանավորված մարզկենտրոնի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական պեյզաժը, եւ մարդիկ չեն կարող անտարբեր անցնել տեղի ունեցող իրադարձությունների կողքով: Մենք կփորձենք առավել իրազեկ աղբյուրների օգնությամբ առաջիկայում լույս սփռել տնօրենի պաշտոնանկության իրական պատճառների վրա, ինչի համար եւ առայժմ ձեռնպահ ենք մնում շրջանառվող վարկածների քննարկումից: Իսկ հիմա բավարարվենք «Արմենպրեսի» ս.թ. հունվարի 26-ի տարածած հաղորդագրությամբ, որում մասնավորապես ասված է. «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ սեփականատեր «Dandee Precious Metals» կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հոուսը, ով հունվարի 24-ից Կապանում է, կատարել է առաջին կադրային փոփոխությունները: Նրա հրամանագրով աշխատանքից ազատվել է ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետտան:

Վերջինս ընկերությունը ղեկավարում էր 2008-ից, ազգությամբ իտալացի է, ԱՄՆ քաղաքացի, բնակվում է Մոսկվայում: Աշխատանքից ազատվել է նաեւ տնօրենի կինը` Ֆարիդա Ֆալետտան, ով ընկերությունում զբաղեցնում էր անվտանգության եւ ակտիվների պահպանության գծով մենեջերի պաշտոնը:

Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են տնօրենի տեղակալ Ռոն Մոբլիի վրա: Հավելենք, որ կոմբինատի կապանցի աշխատակիցները մեծ ցնծությամբ են ընդունել տնօրենի պաշտոնանկության մասին լուրը: Ռ.Ֆալետտայի, հատկապես` նրա կնոջ հանդեպ դժգոհությունները շատ մեծ էին` սկսած մարդկանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից մինչեւ աշխատանքին առնչվող հարցերը:

Մենք խոստացանք ձեռնպահ մնալ սույն պաշտոնանկության շուրջ շրջանառվող վարկածների վաղաժամ քննարկումից: Մեկ-երկու տեղեկատվություն, այդուհանդերձ, չենք կարող չհաղորդել: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Ռոբերտ Ֆալետտան անհնազանդ հանքագործների հանդեպ էլեկտրաշոկ կիրառելու պատրաստություն էր տեսնում: Այդ մասին փոքր-ինչ ուշացումով է տեղեկացվել ընկերության սեփականատերը, ինչը եւ դարձել է առանձնահատուկ քննարկման առարկա: Մեկ այլ հարց էլ` կապված ընկերության պահեստներից մեկում արձանագրված մոտ մեկ միլիոն դոլարի հասնող պակասորդի-գողության հետ, քննության նյութ է դարձել իրավապահ մարմիններում:

Комментариев нет:

Отправить комментарий