пятница, 25 февраля 2011 г.

Գեղանուշի պոչամբարը շարունակում է թունավորել կապանցիների կյանքը

Դեռ 1978 թ. Ողջի գետի վտակ, Գեղանուշ գետի հունում տեղադրված Գեղանուշի պոչամբարը պետականորեն փակվեց Գեղանուշ գյուղի բնակիչների առողջական աղետալի վիճակը, հողի բերրիության անկումը և շրջակա տարածքներում ընդհանուր էկոլոգիական իրավիճակի հետևանքով, սակայն պոչամբարը փակելուց հետո էլ գեղանուշցիների բողոքները չէին դադարում. խնդիրն այն էր, որ վերականգնողական աշխատանքները թերի էին կատարվել, և շարունակվում էր պոչանքի տարածումը:

Ու անկախ այս ամենից 2008 թ.-ից Գեղանուշի պոչամբարում իր թափոններն է լցնում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որի այժմյան սեփականատերն է «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը: Իսկ պետականորեն որևէ լուրջ քայլ այս առումով ձեռնարկելու փոխարեն` այսօր օրեցօր մեծանում է պոչամբարի ծավալը:

Ներկայումս պոչամբարի տակ են մնացել գյուղացիներին պատկանող այգիների զգալի հատվածներ, տարեցտարի առավել անկում է ապրում հողի բերրիությունը, այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց և անասունների հիվանդությունները...

«Գեղանուշի պոչամբարում, որը Կապանից մոտավորապես 3 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ կողքին գտնվում է Գեղանուշ գյուղը, պետք է կուտակվի մինչև 600 տոննա վտանգավոր թափոն»,- ասում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

Նրա խոսքով` մինչ այժմ այնտեղ մի հոյակապ անտառ կար, որ եթե մինչև հիմա կարելի է տեսնել այն, որոշ ժամանակ անց արդեն դրա հետքն էլ չի լինի:
Գեղանուշի բնակիչներն էլ մինչ այժմ գոյատևել են անտառի շնորհիվ, իսկ թե ինչ կանեն այսուհետ....անտառը հատում են, և ոչ մի փոխհատուցում:

«2009 թվականին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, թե եթե անտառ կորցնենք, անպայման 2 անգամ շատ անտառ պետք է տնկենք, սակայն ծրագրերում ոչ մի այդպիսի բան չկա: Մենք կորցնում ենք այդ ունիկալ անտառը և ոչ մի բան»,- հիշում է Ինգա Զառաֆյանը:

Ինչ վերաբերում է շահագործող ընկերությանը` նրանք ասում են, որ աշխատում են փակ ցիկլով: Բնապահպանները, սակայն, չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է փակ աշխատում, եթե նույն այդ պոչամբարի կողքերը տարածվում են պոչեր ու դատարկ կապարներ, որոնք պարունակում են թունավոր նյութեր:

Комментариев нет:

Отправить комментарий