понедельник, 21 февраля 2011 г.

Պատմա-աշխարհագրական ակնարկ


Կապանի տարածքը դարեր շարունակ բնակեցված է եղել: Լեռների խորքում կարելի է հանդիպել զարմանալիորեն հարթ հատվածների (հիմնականում ընկուզենիների ու մոշուտների հարևանությամբ), ինչը թույլ է տալիս ենթադրել, որ առաջին բնակիչները եղել են լեռնցիներ, որոնք փոքրիկ տնակներ են կառուցել նման բացատներում: Զարմանալի չէ, որ այս տարածքում կա ավելի քան 450 պատմամշակութային հուշարձան:
Ժամանակակից Կապանն իր գոյությամբ պարտական է 19-րդ դարի սկզբին այնտեղ հայտնաբերված պղնձի հանքերին: Լեռներում գտնվող հարուստ հանքապաշարները նոր մարդկանց գրավեցին դեպի եռուզեռով լի այդ հանքագործական քաղաքը, որն աստիճանաբար զարգացավ ու դարձավ խոշոր արդյունաբերական կենտրոն: Սյունիքը բացի գեղեցիկ բնաշխարհ լինելուց, հնագույն քաղաքակրթության օրրան է:
Սյունիքի պատմությունն ուսումնասիրող պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) փաստագրական տվյալներ է բերել այն մասին, որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն է գոյություն ունեցել դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում: Ցիրուցան բնակավայրից սկիզբ առնելով` Կապանի չափերն ու կարևորությունը միջին դարերում զգալիորեն աճել են: 997թ. այն արդեն Սյունյաց թագավորության խոշորագույն կենտրոններից էր, հետագայում` նաև մայրաքաղաքը: 11-րդ դարում Կապանն ուներ շուրջ 20000 բնակիչ և գտնվում էր ներկայիս Կապանից մոտ 15 կմ հյուսիս-արևմուտք:
Հնում այն կոչվում էր Յոթնաբերդ` հավանաբար մարզի սահմանները տեղանշող յոթ բերդերի պատճառով, մինչդեռ □Կապան□ բառի արմատների վերաբերյալ առ այսօր ստուգաբանական բանավեճեր են ընթանում: Ըստ տարածված տեսակետներից մեկի, Կապանը կիրճ կամ լեռնանցք նշանակող հնդեվրոպական բառ է, մյուսը` տեղանվան սկզբնաղբյուր է համարում □կապ□ հայերեն բառը, որի իմաստն է □փակ□: Քաղաքն իրոք պարփակված է շրջակա լեռնաշղթաներով:
16-17-րդ դարերում Կապանն ընկավ պարսից տիրապետության տակ: 18-րդ դարում Արցախում /Ղարաբաղ/ ու Սյունիքում ազատագրական պայքար բռնկվեց: Կապանը դարձավ լեգենդար հերոս Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի ազգային ազատագրական շարժման կենտրոն: Ամրանալով Հալիձորի բերդում, Բեկն իր զորախմբով հաղթանակներ տարավ մինչև 1727 թվականը, երբ օսմանյան բանակը սկսեց Սյունիքի ասպատակումը: Դավիթ Բեկի հալիձորյան զինակիցները որոշ ժամանակ հաջողությամբ կասեցնում էին թշնամու առաջխաղացումը, սակայն Սյունիքն ի վերջո տեղի տվեցին մի քանի անգամ գերազանցող օսմանյան բանակի առջև:
18-րդ դարում Կապանը մշտապես կռվախնձոր է եղել Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև: 1800 թ. այն փաստորեն տրոհված էր այդ երկու տերությունների միջև` Ողջի գետով սահմանազատված: 1813-ի Գյուլիստանի համաձայնագրով և 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով, Կապանն ամբողջովին անցավ ռուսական տիրապետության տակ: Իսկ ցարական Ռուսաստանի անկումից հետո` 1918-1920թթ, Կապանը կրկին դարձավ հայերի անկախության պայքարի կենտրոն: Հայ ժողովուրդը, եղեռնից մազապուրծ ու իր պատմական հողերից վտարված, կանգնած էր հնարավոր բնաջնջման շեմին: Երևանը սեղմված էր մի կողմից հայերի հետքն իսկ երկրի երեսից ջնջելու նկրտումներ ունեցող թուրքական զորքի, մյուս կողմից` Կովկասում արագորեն իր վերահսկողությունը հաստատող Կարմիր բանակի` առաջ ընթացող ուժերի արանքում:
Սակայն, Գարեգին Նժդեհի և այլ հայրենանվեր հայորդիների շնորհիվ, հարավային Սյունիքը մնաց հայկական` ամուր պահելով իր անկախությունը: Ի վերջո Խորհրդային Հայաստանի սահմանները ներառեցին նաև Սյունիքը, և սկսվեց բոլշևիկյան 70-ամյա տիրապետության շրջանը:
Խորհրդային տարիներին Կապանը եղել է շրջանի վարչական կենտրոն: Այդ ժամանակաշրջանում, լինելով ռազմավարական նշանակության սահմանամերձ գոտի` Կապանը ծաղկում ապրեց, դարձավ եռուն արդյունաբերական կյանքով ապրող քաղաք, հանքարդյունաբերական արտադրանքի խոշոր աղբյուր, ու նաև մարզի գլխավոր մշակութային կենտրոնը:
Խորհրդային Միության փլուզման շրջանում Կապանը կրկին հայտնվեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի առաջին գծում: 1988-ին, հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան համակարգի բարեփոխման պահանջով: 
1991թ. Հայաստանի Հանրապետությունն իր երազած անկախությունը նվաճեց, և կատարվեց երկրի նոր վարչատարածքային բաժանում: 1995թ. դեկտեմբերի 4-ին ստեղծվեց Սյունիքի մարզը, որի կենտրոնն էլ դարձավ Կապանը:

Комментариев нет:

Отправить комментарий