четверг, 24 февраля 2011 г.

ԿԱՊԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ` ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ


Փետրվարի 23-ին Արմատ ակումբու տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում  Սյունիքի մարզի եւ հատկապես Կապանի բնապահպանական խնդիրների մասին խոսեցին «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահԿարինե Դանիելյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը եւ «Կանաչ Կապան» խմբի անդամ Լալա Ասլիկյանը: Ստորեւ ներկայացնում ենք հրապարակված նյութերը: 

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՊՐԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ 
Ա.Մուրադյան,

«
Արմատ» մամուլի ակումբը երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆԻՆ եւ «Կանաչ Կապան» նախաձեռնող խմբի անդամ ԼԱԼԱ ԱՍԼԻԿՅԱՆԻՆ։ 
   
Ի.Զարաֆյանը նախ տեղեկացրեց իրենց կողմից «Dundec Precious Metals Inc.»-ի ղեկավարությանը, Հայաստանի կառավարությանը, էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության, առողջապահության, տարածքային կառավարման նախարարություններին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (կրկնօրինակը՝ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերին) ուղարկված նամակի մասին։ 
   
Նաեւ՝ Կանադայի վարչապետին, քանի որ Հայաստանում հանքարդյունահանման գործունեություն ծավալող «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը կանադական վերոնշյալ ընկերությունն է։ Խնդիրն այն է, որ «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն մտադիր է Կապան քաղաքի վարչական տարածքում գտնվող Շահումյանի բազմամետաղային հանքավայրը, որն այժմ փակ եղանակով է շահագործվում, առաջիկայում շահագործել բաց եղանակով։ Դա, իհարկե, ավելի շահութաբեր եւ արդյունավետ է, բայց կտրուկ աճում է բնակչությանը սպառնացող էկոլոգիական վտանգը։ 
   
Ի.Զարաֆյանի տեղեկացմամբ, մի կողմից Գեղանուշի պոչամբարն է, որը պատկանում է «Deno Gold Mining Company» ընկերությանը։ Նշված պոչամբարում կուտակվելու են մինչեւ 600 տոննա վտանգավոր թափոններ, մինչդեռ Գեղանուշ գյուղը գտնվում է հենց պոչամբարի կողքին, պոչամբարն էլ Կապանից ընդամենը մոտ 3 կմ հեռավորության վրա է։ 
   
Ավելին. հանքարդյունահանման գործունեությունն ընդլայնելու հետեւանքով շուտով այլեւս չի լինի Գեղանուշի հարեւանությամբ գտնվող ընկուզենու հոյակապ անտառը, որից օգտվում են բնակիչները։ Ընկերությունը նրանց փոխհատուցում չի տվել, փոխհատուցում տվել է միայն այն բնակիչներին, որոնք անտառի հարեւանությամբ ունեցել են պաշտոնապես սեփականաշնորհված տարածքներ։ 
   
Հաջորդ վտանգավոր օբյեկտը Շահումյանի բազմամետաղային հանքավայրի պոչամբարն է։ Ըստ հիշյալ ՀԿ նախագահի, ընկերությունն ասում է, թե աշխատում են փակ փուլով, եւ շրջակա միջավայրը չի աղտոտվում։ Սակայն բնապահպանները չգիտեն, թե ինչպես է աշխատում փակ փուլով, երբ նույն պոչամբարի եզրամասերն ամրապնդվում են պոչերով ու դատարկ ապարներով, որոնք պարունակում են թունավոր նյութեր։ 
   
Բնապահպանական լուրջ հիմնախնդիր կա նաեւ Սյունիք համայնքում։ Այնտեղ 2006թ. մեծ վթար է եղել, Սյունիք համայնքի տարածքը թունավորվել է հանքարդյունահանման թափոններով։ Ըստ ՀԿ-ի նախագահի, ինչ որ աճում է Սյունիք գյուղի տարածքում, թունավորված է ծանր մետաղներով, սակայն բնակչությունը տեղ չունի գնալու եւ պետք է ապրի այդտեղ, ավելին՝ չունի այլ զբաղմունք, գյուղատնտեսությամբ է զբաղված։ Այնտեղ ստացված գյուղմթերքները հայտնվում են նաեւ Կապանի բնակիչների սեղաններին։ Լաբորատոր հետազոտություններն արդեն ապացուցել են կարտոֆիլի, լոբու մեջ եւ այլ բանջարեղեններում ծանր մետաղների անթույլատրելի քանակության առկայությունը։ 
   
Էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Արծվանիկի պոչամբարը՝ մոտ 150 մլն տոննա պոչերով։ Այն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 4-րդ պոչամբարն է եւ շատ հին։ Նույն կոմբինատի 1-ին եւ 2-րդ պոչամբարները գտնվում են Կապանից Քաջարան ճանապարհին եւ թեեւ համարվում են փակ, թափոններ այլեւս չեն լցվում, սակայն, առկա տեխնոլոգիաների համաձայն, ծածկված (փակված) չեն 80-100 սմ հողաշերտով։ 
   
-
Քանի որ տարածքներ չկան, բոլոր տարածքները վերցված են, մարդիկ այնտեղ էլ աճեցնում են իրենց գյուղմթերքները,- ասաց Ի.Զարաֆյանը։ 
   
Անդրադառնալով ուրանի հետ կապված հիմնախնդրին, ՀԿ-ի ղեկավարն ասաց, թե դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որոշակի որ տարածքներում ուրանի արդյունագործական պաշարներ կան։ Մինչդեռ տվյալ տարածքում կամ դրանից ոչ հեռու այլ մետաղների հանքարդյունահանման համար տրվում են լիցենզիաներ՝ հաշվի չառնելով, որ ուրանի հնարավոր շերտին հասնելու դեպքում այդ ռադիոակտիվ հանքանյութը նույնպես կարող է երկրի մակերես հանվել։ 
   
Կապանից վերեւ գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնների առնչությամբ Ի.Զարաֆյանն ասաց նաեւ, որ դրանց մի մասը Հայաստանում ամենաաղտոտված գետերից մեկի՝ Ողջի գետի միջոցով գնում է Կապան։ 
   
-
Մենք ուղղակի կորցնում ենք Հայաստանի հարավը եւ հյուսիսը,- ասաց Կ.Դանիելյանը։-Սովորաբար երբ էկոլոգիական փորձաքննություն են կատարում, չեն վերցնում միայն մի հանքավայր, անպայման նայում են ֆոնը։ Այն իրավիճակը, որ ներկայացվեց, արդեն իսկ բավական էր, որ այնտեղ այդպիսի գործունեություն չծավալվեր, փորձաքննությունը չպետք է թույլ տար այդպիսի երեւույթ, այն էլ բաց հանք, այն էլ, փաստորեն, Կապանի կողքը։ Բնակչությունը ստիպված է լինելու թողնել, դուրս գալ այդ տարածքից։ 
   
Նրա հավաստմամբ, այդ ակտիվ ընդերքօգտագործումը, թափոնների, լցակույտերի, պոչամբարների տարածումը Հայաստանով մեկ չեն համապատասխանում մեր երկրի ընդունած-հռչակած մյուս առաջնայնությունների՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, առավել եւս՝ կայուն գյուղատնտեսության, մաքուր գյուղատնտեսության զարգացման հետ։ 

ԹՈՒՆԱՎՈՐ ԿԱՐՏՈՖԻԼ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՆՈՐ «ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿ» 



Սյունիքի մարզի բնապահպանական իրավիճակը շարունակում է մտահոգել փորձագետներին: Չլուծված խնդիրների քանակով կարող է «պարծենալ» Կապան քաղաքը, որը հանքարդյունաբերության պատանդն է դարձել: 

Ինչպես նշել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը, քաղաքը բոլոր կողմերից շրջապատված է տարբեր կարգի վտանգ ներկայացնող օբյեկտներով, որոնց թվում են` Գեղանուշի և Արծվանիկի պոչամբարները: Բնապահպանական իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն, որ փակ պոչամբարների, ինչպես նաև ծանր մետաղներով վարակված հողերի վրա տեղի բնակիչները բանջարեղեն են աճեցնում և անասուն արածեցնում: «Այդ արտադրանքը ստացվում է շուկաներ, ըստ որում`գնորդները ոչինչ չգիտեն դրա ծագման մասին: Իսկ չէ որ ծանր մետաղները թափանցում են կաթի, բույսերի, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմի մեջ, և լուրջ վտանգ ներկայացնում առողջության համար»,- ընդգծել է նա այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: 
  
Բնապահպանները բազմիցս նշել են այն վայրերը, որտեղ կարելի է գտնել վտանգավոր մթերքները. դա թեՍյունիքի նախկին սովխոզն է, որի հողերը վարակված են ծանր մետաղներով, թե’ «Deno Gold Mining» ընկերության գործունեության հետևանքով աղտոտված Նորաշենիկ գետը, որի մոտակայքում անասուններ են արածում: Սակայն, սոցիալական իրավիճակն այնպիսին է, որ տեղի բնակիչներին այլ բան չի մնում, քան վտանգավոր գոտում գյուղատնտեսությամբ զբաղվելը: Սակայն, դրանով Սյունիքի մարզի դժբախտությունը չի ավարտվում: «Նոր սպառնալիք է ռադոն գազը, որը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար: Մասնագետների գնահատմամբ, այն հանդիպում է միաժամանակ ոսկի և արծաթ պարունակող հանքավայրերում: Ցավոք, Շահումյանի հանքավայրը հենց այդ տեսակին է պատկանում»,- ասել է Զարաֆյանը: Նրա խոսքով, ԶԼՄ-ներում աղմուկից հետո «Deno Gold Mining»  ընկերությունն այլևս այն բաց եղանակով շահագործելու ծրագրերի մասին չի խոսում, սակայն բնապահպանները չեն շտապում հաղթանակ տոնել: 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ 




Եթե ստեղծված բնապահպանական իրավիճակը չփոխվի, Հայաստանը կարող է վերածվել մուտանտների երկրի, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: 
  
Նա հիշեցրել է, որ այս տարի Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղում ծնվել է երկգլխանի հորթ: «Դա պատահական չէ, քանի որ լեռնահանքարդյունաբերության շնորհիվ Սոտք գետում կարելի է հանդիպել ծանր մետաղների մի ամբողջական ցուցակ»,- նշել է Դանիելյանը: Նրա խոսքով, բնապահպանության ոլորտում ծանր իրավիճակով կարող է «պարծենալ» ոչ միայն Գեղարքունիքի մարզ, այլև Հայաստանի այլ մարզեր: «Եթե մենք ուզում ենք դառնալ մուտանտների երկիր, եթե, իրոք, ցանկանում ենք, որ մեր երեխաները ծնվեն արատներով, կարող ենք շարունակել աչք փակել բնապահպանական խնդիրների վրա»,- ընդգծել է նա: Դանիելյանը նշել է, որ ստեղծված պայմաններում զբոսաշրջության և մաքուր գյուղատնտեսության զարգացման մասին խոսելու հարկ չկա: «Վառ օրինակ կարող է ծառայել Տաթևի վանքը. սկզբում հսկայական գումար են ներդրել այնտեղ, իսկ հիմա մոտակայքում հանքավայր են բացում: Հիմա ինչ, գնալ վանք և թունավոր օդ շնչել: Իհարկե, զբոսաշրջիկների հոսքը զգալիորերն կնվազի»,- նշել է Դանիելյանը: 

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Ո՞Վ ԿՀԱՄԱՁԱՅՆԻ ԳՆԱԼ ՏԱԹԵՎ, ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՒ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ 

  
«
Դինո գոլդ մայնինգ քամփնիի» կողմից Կապանի ոսկու հանքերը բաց եղանակով շահագործելու հետեւանքով այնտեղ ապրող մարդիկ արդեն իսկ հեռանում են սեփական բնակավայրերից. նման միտում, ցավոք, այսօր առկա է։ Փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմա ժամանակ նման մտահոգության հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։  «Մենք կորցնում ենք Հայաստանի հարավը։ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը, ընդերքի ակտիվ օգտագործումը, ինչպես նաեւ Սյունիքում բազմաթիվ պոչամբարների առկայությունը իրենց բացասական ազդեցությունն են թողնում շրջակա միջավայրի վրա, խոչընդոտում մաքուր գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացմանը։ Օրինակ, Տաթեւում ճոպանուղի բացվեց, խոսվում է այդ տարածքում էկոտուրիզմի զարգացման մասին, սակայն  նույն Տաթեւի մերձակայքում հանքավայր է շահագործվում։ Ո՞վ կհամաձայնի գնալ այնտեղ, թունավորվել եւ հետ վերադառնալ. իհարկե, ոչ ոք»,- նկատեց բնապահպանը։ 

Նա խոսքով, եթե մենք չենք ուզում մուտանտների վերածվել եւ արատներով երեխաներ լույս աշխարհ բերել, ապա պետք է անենք ամեն բան՝ կանխելու համար Հայաստանի հյուսիսում ու հարավում դանդաղորեն ընթացող բնապահպանական աղետները։ «Անտառների ոչնչացումը, հանքավայրերի բաց շահագործումը մարդկանց կյանքի իրավունքի, ՀՀ օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների  խախտում է»,- ամփոփեց Դանիելյանը։   

Նշենք, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» սեփականատերը կանադական «Dundee Precious Metals» ընկերությունն է։ «Դինո գոլդ մայնինգ քամփնին» Հայաստանում գործունեություն ծավալում է արդեն 4-5 տարի։ 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍԸ. ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԸ 


Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեց, որ հանքավայրերի բաց եղանակով շահագործման և բնապահպանական նորմերի կոպիտ խախտման հետևանքով բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացել Հայաստանի մարզերում։ 

«
Անկախության քսան տարիների ընթացքում կատարվող գործընթացները ցույց են տալիս, որ մենք կորցնում ենք Հայաստանի հարավն ու հյուսիսը»,– ահազանգեց բանպահպանը։ Նա նշեց, որ այսօր Հայաստանում նկատվող թափոնների և նորմերի խախտումներով գործող պոչամբարների առատությունը «չի խոսում մաքուր գյուղատնտեսության և տուրիզմի զարգաման հետ»։ 

Կարինե Դանիելյանի խոսքով՝ այսօր խոսում են էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի աճեցման մասին, «սակայն աղտոտված տարածքում ի՞նչ մաքուր գյուղատնտեսություն»։ Հետևաբար, ըստ նրա, Հայաստանի գյուղմթերքը չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում։ 

Բանախոսն անդրադարձավ նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում վերջերս ծնված երկգլխանի հորթին՝ նշելով. «Մենք ուրախանում էինք Սոթքում այդ հրեշածին հորթուկի համար։ Սակայն դա հանրապետության գերաղտոտված տարածքներից մեկն է։ Այդտեղ ծանր մետաղների մեծ քանակության կուտակում կա։ Եթե մենք ուզում ենք այդպիսի մուտանտների վերածվել, մեր երեխաները նման հիվանություններով հիվանդան, ուրմեն պետք է ասենք՝ լավ է ամեն ինչ»։ 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐ 


Սյունիքի մարզում բնապահպանական խնդիրները սրվում են։ Այս մասին այսօրվա ասուլիսին ահանզանգեցին բնապահպաններ Կարինե Դանիելյանը, Ինգա Զարաֆյանը և «Կանաչ Կապան» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանը։ 

Ինգա Զարաֆյանը նշեց, որ վերլուծելով Սյունիքի մարզկենտրոն Կապանի և հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը՝ պարզել են, որ հանքարդյունաբերությունը մեծ բնապահպանական խնդիրներ է առաջացրել մարզում։ 

Բնապահպանական խախտումներով գործող պոչամբարների պատճառով, ըստ Զարաֆյանի, աղտոտվում են Սյունիքի ջրերն ու հողերը։ Աղտոտված հողերի վրա աճեցվում է բանջարեղեն, այդ վայրերում արածում են կենդանիները, ինչն էլ մարդկանց մոտ բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում։ «Սյունիքի Ողջի գետը հանրապետության ամենաաղտոտված գետերից է»,- ասաց նա։ 

Բնապահպանները նշեցին, որ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Կապանում և Քաջարանում քաղցկեղածին համարվող ռադոնի մեծ քանակություն է հայտնաբերել։ 

Կարինե Դանեիլյանը Տաթևի վանական համալիրի տարածքի բարեկարգումը դրական համարելով՝ դատապարտեց հարակից տարածքում հանքավայր շահագործելու ծրագիրը։ «Ո՞վ պետք է գա այնտեղ, թունավորվի ու գնա։ Ոչ մի զբոսաշրջիկ չի գալու, անիմաստ է»,- նշեց նա։ 

Ըստ բնապահպանի՝ նման վարվելակերպով Հայաստանը խախտում է ստորագրած միջազգային կոնվենցիաների դրույթները։ 

«
Մենք շարունակում ենք ունենալ դեպքեր, որոնք խիստ վտանգում են մեր լինել-չլինելը այդ կոնվենցիաներում։ Ուղղակի հայ հասարակության կյանքի իրավունքն է խախտվում»,- նշեց նա։ 
Լալա Ասլիկյանի խոսքով՝ այսօր Կապանի բնակչությունը մտահոգված է քաղաքին մոտ գտնվող բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործմամբ։ 

Նա նշեց, որ դեռևս 2007-ին ԳԱԱ մասնագետները հետազոտություններ են կատարել Կապանում և հողերի ու ջրերի աղտոտվածության վերաբերյալ մտահոգիչ փաստեր արձանագրել։ «Որևէ միջոցառում արվե՞լ է այս հետազոտությունից հետո։ Վիճակն ավելի է վատացել»,- նշեց նա։ 

Բանախոսներն արձանագրեցին, որ նաև բնապահպանական խնդիրներն են պատճառը, որ այսօր հանրապետությունից արտագաղթի ծավալներն աճել են։ 

Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԸ» 

«
Մենք ուղղակի կորցնում ենք Հայաստանի հարավը և հյուսիսը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը և նշեց` էկոլոգիական փորձաքննությունները ցույց են տվել, որ Սյունիքում մթնոլորտը, հողը որքանով աղտոտված է ծանր մետաղներով: Նման վիճակը, ըստ բնապահպանի, արդեն բավական է, որ թույլ չտային նոր հանքօգտագործման գործունեություն իրականացնել: 

ԸստԿ.Դանիելյանի` Կապան քաղաքի մոտ նոր, բաց եղանակով բազմամետաղային հանքի շահագործումը անթույլատրելի է և բնակչությունը ստիպված է լինելու լքել տարածքը: 

Բնապահպանը խոսեց նաև Հայաստանի առաջնայնությունների շուրջ և ընդգծեց, որ այդ առաջնայնությունները միմյանց հետ «կռվում են»: 

«
Ակտիվ ընդերքօգտագործումը, թափոնների, լցակույտերի, պոչամբարների տարածումը Հայաստանում չի խոսում տուրիզմի զարգացման հետ, չի խոսում գյուղատնտեսության զարգացման հետ»,- շեշտեց Կ. Դանիելյանը: 

Բանախոսը մատնանշեց Տաթևի վանքը և ճոպանուղին, տուրիզմի զարգացմանը միտված զանազան միջոցառումները, որոնք, ըստ Կ.Դանիելյանի, հակասական են, քանի որ «ընթանում են նոր հանքավայրի շահագործման հետազոտություններ»: 

«
Այսպիսի վարվելակերպը մեր ապագան է վտանգում և խախտում է միջազգային կոնվենցիաները, որոնք մենք ստորագրել ենք»,- համոզմունք հայտնեց Կարինե Դանիելյանը: 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ ՉԿԱՆ 

«
Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Կանաչ Կապան» խմբի բարձրացրած աղմուկը ստիպել է բնապահպաններին մտահոգվել: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Էկոլուր» հկ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Սյունիքի հանքավայրերի երկրաբանա-հետախուզական աշխատանքների իրականացումը կարող է ստիպել բնակիչներին հեռանալ իրենց տներից: 
  
Ըստ Ի. Զարաֆյանի` ուրան պարունակող եւ չպարունակող տարածքները խառնված են, ուստի պետք է շահագործման ռազմավարություն մշակվի, քանի որ հանքերի հետազոտման ժամանակ հնարավոր է նաեւ ուրանի դուրսհանում: Նրա խոսքով` մարդիկ կան, որոնք դեռեւս իրենց հիշողության մեջ պահում են ժամանակին ուրանի պատճառած վնասակար ազդեցության պատկերը: «Ուրանը չի հարցնում` ոսկի եք փնտրում, թե ուրիշ բան: Այն կատարում է իր վնասակար գործը»,- ասաց Ինգա Զարաֆյանը` հավելելով, որ միաժամանակ ոսկի եւ արծաթ պարունակող հանքերը մեծ ռադիոակտիվություն ունեն: 
  
Ռադոն նյութի առկայությունը որոշ տարածքներում եւս մտահոգիչ է: «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հկ-ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով` սովորաբար էկոլոգիական փորձաքննության համար վերցվում է ֆոնը, ոչ թե մի հանք: Նրա խոսքով` թափոնների, լցակույտերի առկայությունը հակասում է զբոսաշրջության զարգացման ծրագրերին: 
  
«
Կանաչ Կապան» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանի համոզմամբ` շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով աղտոտված է նաեւ սնունդը: «Երաշխիք, որ ես առողջ սնունդ եմ ընդունում, չկա»,- ասաց նա: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ թափոնների եւ լցակույտերի վտանգավորության աստիճանի չափերի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Բնական պաշարների եւ էներգետիկայի նախարարության տեղեկացմամբ` Հայաստանում ուրանի շահագործվող հանքավայրեր չկան: 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, կատարվել են ուսումնասիրման աշխատանքներ, որոնցով պարզվել է, որ երկրաբանա-հետախուզական աշխատանքների տարածքներում չկա ուրան, ուստի ուրանի վտանգավոր հետեւանքները բացառված են: Ուրանի առկայության անգամ ամենափոքր հավանականության դեպքում մոնիթորինգ է անցկացվում ռիսկային տարածքում: Ինչ վերաբերում է բնական ռադիոակտիվ էլեմենտներին, ապա, ըստ Ա. Մարտիրոսյանի, դրանք կան նաեւ շրջակա միջավայրում: 
  
«
Մենք պատրաստ ենք օժանդակել ոչ միայն բնապահպանության նախարարությանը, այլեւ բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին»,- նշեց կոմիտեի նախագահը` հավելելով, որ նման աշխատանքային պրակտիկա իրենք ունեցել են: Նախորդ տարի համագործակցել են «Էկոլուր» հկ-ի հետ, ինչի արդյունքում հասարակական կազմակերպությունը համոզվել է, որ իրեն հասած տեղեկությունները սխալ էին : 

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍԸ» 


Հանքավայրերի բաց եղանակով շահագործման եւ բնապահպանական նորմերի կոպիտ խախտման հետեւանքով բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացել Հայաստանի մարզերում: Այս մասին փետրվարի 23-ի ասուլիսում ահազանգեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ 

Նա նշեց , որ էկոլոգիական փորձաքննությունները ցույց են տվել, թե որքանով է Սյունիքում մթնոլորտն ու հողը աղտոտված ծանր մետաղներով: Նման վիճակն արդեն բավական է, որ թույլ չտային նոր հանքօգտագործման գործունեություն իրականացնել: Ըստ բնապահպանի, Կապանի մոտ նոր, բաց եղանակով բազմամետաղային հանքի շահագործումը անթույլատրելի է եւ բնակչությունը ստիպված է լինելու լքել տարածքը: Կ.Դանիելյանի խոսքերով, նման վարվելակերպը վտանգում է մեր ապագան ու խախտում միջազգային կոնվենցիաները, որոնք մենք ստորագրել ենք: 

Ըստ բանախոսի, անկախության 20 տարիների գործընթացները ցույց են տալիս, որ «մենք կորցնում ենք Հայաստանի հարավն ու հյուսիսը»: Նա նշեց նաեւ, որ Հայաստանում նորմերի խախտումներով գործող պոչամբարների առատությունը չի կարող նպաստել մաքուր գյուղատնտեսության ու տուրիզմի զարգացմանը: «Այսօր խոսում են էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի աճեցման մասին, բայց աղտոտված տարածքում ի՞նչ մաքուր գյուղատնտեսություն: Ուստի Հայաստանի գյուղմթերքը չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում»,- ասաց բնապահպանը։ 

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում վերջերս ծնված երկգլխանի հորթի ծնւկնդի փաստին, Կ.Դանիելյանը նշեց. «Մենք ուրախանում էինք Սոթքում այդ հրեշածին հորթուկի համար: Սակայն դա հանրապետության գերաղտոտված տարածքներից մեկն է: Այդտեղ ծանր մետաղների մեծ քանակության կուտակում կա: Եթե մենք ուզում ենք նման մուտանտների վերածվել, իսկ մեր երեխաներն էլ նման հիվանդություններով հիվանդանան, ապա պետք է ասենք` ամեն ինչ լավ է»: 

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՎԻՃԱԿԸ 


Կապանի բնապահպանական խնդիրները շարունակում են մնալ մտահոգիչ:Եվ խոսքն այս դեպքում վերաբերում է ոչ միայն Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչների կյանքին սպառնացող վտանգներին, այլև Կապանի ողջ բնակչությանը: 
«
Արմատ» մամուլի ակումբում այսօր բնապահպանները քննարկում էին Կապանի խնդիրները: 

«
Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը և «Կանաչ Կապան» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանը լրագրողներին ներկայացրին Կապանում տիրող աղետալի իրավիճակը և սրան ի պատասխան` երկրում, այդ թվում՝ բնապահպանության և առողջապահության նախարարություններում առկա արհամարհական և անտարբեր վերաբերմունքը: 

Ակտիվ ընդերքօգտագործում, թափոններ, պոչամբարներ. սա այն ամենն է, ինչ կարելի ասել Կապանի ներկայի մասին, և այն բոլոր վտանգները, որ ծնունդ են առել Կապանի կյանքում, պայմանավորված են հենց սրանցով: 

«
Կապանն այսօր աղտոտում է ոչ միայն Deno gold mining-ը, այլև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»,- նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը` հավելելով, որ Կապանի ռիսկերի ցանկն ուսումնասիրելիս բնապահպանների հայտնաբերած խնդիրները բազմաթիվ են: 

«
Այն, ինչ արվում է այսօր, չի համապատասխանում ո՛չ օրենսդրությանը, ո՛չ էլ մեր երկրի համար առաջնային նպատակների իրագործմանը տանող քայլերին»,- խոսելով նաև Օրհուսի կոնվենցիայի խախտումների մասին՝ նշեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: 

Իսկ այս պարագայում բնապահպաները ակնկալում են միայն հայաստանյան լրատվադաշտի աջակցությունը, քանի որ առանց այն էլ երկրի ծայրամասերը լքող բնակչությունը այսուհետ միակ լուծումը արտագաղթը կհամարի:

Комментариев нет:

Отправить комментарий