суббота, 26 февраля 2011 г.

ԴԱՏԱՎՈՐ ԱՆԱՀԻՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԸ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Deno Gold Mining» ընկերության դեմ հայցը: Դատավոր Անահիտ Թումանյանը հիմնավորեց մերժումը նրանով, թե գործի նյութերում ներկայացված չեն մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ապացույցներ: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը կարծիք հայտնեց, որ դա իրավաբանորեն սխալ որոշում է: «Մերժումից մեկ շաբաթ առաջ դատարանը կանգնեցրեց ընկերության գործունեությունը Շահումյանում հենց միայն կյանքի եւ առողջության վտանգի պատճառով` գործում ներկայացված ապացույցների հիման վրա»,-հայտարարեց նա: Հիշեցնենք, որ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն պաշտպանում է Կապան քաղաքի Շահումյան բանավանի սեփականատերերի իրավունքները:


Խնդիրն այն է, որ Շահումյան բանավանը գտնվում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի վրա, որը ներկայումս շահագործվում է «Deno Gold Mining» ընկերության կողմից: Տարիներ շարունակ հանքավայրը շահագործվել է կանոնների կոպիտ խախտումներով: Հանքավայրի գետնանցքի վրայի հողի վերին շերտը փորփրված է, եւ հողը փլվում է` առաջացնելով փոսեր (տե’ս լուսանկարները): «Այստեղ կարելի է թաղվել հողի 30 մետրանոց շերտի տակ: Զգույշ եղեք, կփլվի, տակը կմնաք, ոչ ոք չի հանի»,- ասում է «Խուստուպ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը, ով Շահումյան բանավան այցի ժամանակ ուղեկցում էր «ԷկոԼուր»-ի խմբին:

Ընկերությունը խոստացել էր բնակիչներին տեղափոխման համար փոխհատուցում տալ: Փոխհատուցում ստացել են մի քանի սեփականատերեր: Ներկայումս ընկերությունը դադարեցրել է փոխհատուցում տրամադրելուց` պատճառաբանելով գունավոր մետաղների համաշխարհային գների անկումը: Ինչպես հայտնի է, գները նորից բարձրացել են, իսկ ընկերությունը շարունակում է մերժել փոխհատուցման հարցում: Շահումյանի 77-ամյա բնակչուհի Արմիկ Ստեփանյանն ասում է. «Մենք ընդամենը երկու հոգի ենք` ես եւ ամուսին: Տղաներս մահացել են: Չգիտեմ` ինչպես ենք ապրելու: Այգին մշակում ենք, այն կերակրում է մեզ եւ թոռներիս: Ոչ մի փոխհատուցում ես չեմ ստացել, բոլորը խոստանում են եւ չեն տալիս»:

Հայցի մերժումից հետո 6 սեփականատերեր հրաժարվեցին դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները: 28 սեփականատերերի անունից նոր հայց ներկայացվեց: Ինչպես հայտնի դարձավ, դատարանը մերժել է նաեւ նոր հայցը նույն հիմնավորմամբ:


Комментариев нет:

Отправить комментарий