пятница, 25 февраля 2011 г.

Կապանն ավերող ընկերությունները միայն շահույթի մասին են մտածում

Կապանի էկոլոգիական վիճակի վերաբերյալ մտահոգությունները վերջին շրջանում աճում են, հայաստանայան բնապահպանական կազմակերպություններն էլ չեն դադարում խոսել հանքարդյունաբերության հետևանքով Կապանի առջև ծառացած աղետալի հարցերի մասին:

Իսկ Facebook.com սոցիալական ցանցի «Կանաչ կապան» նախաձեռնող խմբի բարձրացրած աղմուկից հետո մեր բնապահպաններն ավելի ակտիվ սկսեցին զբաղվել Կապանի տարածքի ուսումնասիրություններով:

«Մենք սկսեցինք զբաղվել ոչ միայն «Dino Gold Mining» կազմակերպության գործունեությամբ, այլև փորձեցինք մեզ համար պատկերացնել, թե Կապանն ինչ վիճակում է գտնվում, պատրաստեցինք նամակ և ուղարկեցինք Կանադա` ընկերության գլխամասային գրասենյակ, Կանադայի վարչապետին, ինչպես նաև մեր կառավարություն»,- նշում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

Նամակում բնապահպանները նկարագրել են Կապանում տեսանելի ռիսկերը, իսկ վտանգավոր օբյեկտների ցանկը «քչություն» չի արել:

Բնապահպանը նշեց, որ իրենք արդեն հանդիպել են Dino Gold Mining ընկերության տնօրենի հետ, ով խոսել է Հայաստանում նոր կորպորատիվ քաղաքականություն վարելու իրենց ծրագրերի մասին:

«Որպես առաջին քայլ նրանք աշխատանքից ազատեցին տնօրենին, այնուհետ իրենց մասնագետների միջոցով փորձեցին հետազոտություններ անցկացնել և դեռ 1 ամիս էլ չի անցել այդ հանդիպումից»,- ասում է Ինգա Զառաֆյանը և հավելում, որ ընկերության կողմից դրական քայլերի չի սպասում. «Ընկերությունը շատ փող ու ժամանակ ունի, կսպասի այնքան մինչև հագստանանք ու կսկսի իր գործը»:

Բնապահպանը հիշեցնում է նաև, որ նույն այս ընկերության դեմ արդեն 3 տարի է, ինչ պայքարում են Բուլղարիայի Չելոպեչե քաղաքի բնակիչները, որտեղ ընկերությունը ոսկու հանք է շահագործում, սակայն միայն այս տարի է Չելոպեչեի հասարակությանը հաջողվել դատարանի միջոցով որոշակի հաջողությունների հասնել:

Պետք է նշել նաև, որ Կապանի բնապահպանական ներկա վիճակի համար միայն «Dino Gold Mining»-ը չէ, որ մեղավոր է. այստեղ իր մեղքի բաժինն ունի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և ընդհանրապես այն, ինչ կատարվում է Կապանի հետ, հանքարդյունաբերության արդյունքն է:

Комментариев нет:

Отправить комментарий